Երաժշտությունը մասսայական արվեստ է և ուղղակիորեն կապված է մարդու ներաշխարհի, տեսակի ձևավորման հետ: Անճաշակությունն ու օտարամոլությունը նկատելի են ամենուր, սակայն ամենից շատ խոսվում է «վատ» երաժշտության մասին: «Այսօր գործում է երգակործան հսկա մի մեքենա, որին դիմակայել կարող ենք միայն մեր հավաքական առողջ մտքի ուժով, ազգայինը պահպանելու ջանքերով»,- ասում է «Երաժշտասերների միություն- Քնար» նորաստեղծ հասարակական կազմակերպության նախագահ ՅՈՒՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Նա շուրջ քառասուն տարի աշխատել է դատախազության համակարգում, անցել է կենսաթոշակի և մտածում է ոչ թե վաստակած հանգիստը վայելելու, այլ ռաբիսի ու ցածրորակ երաժշտության դեմ պայքարելու մասին:
-Ո՞րն էր երաժշտասերների միություն ստեղծելու հիմնական շարժառիթը:
-Եթերից և բեմից հնչող աղբը: Եվ ոչ միայն. ի՞նչ է հնչում ռեստորաններում, խնջույքների ժամանակ` անճաշակ, աղմկոտ, էժանագին երաժշտություն: Այն, ինչ մատուցվում է այսօր, ոչ թե երգ է, այլ երաժշտական աղմուկ, որը կլանում է ամեն լուսավոր հնչյուն, գույն, շարժում: Զարմանալի չէ, որ նման երաժշտությունն ավելի մեծ լսարան ունի: Սակայն գոնե պե՞տք է ամեն ինչ իրար չխառնել, խնջույքային երգը թողնել խնջույքին, բեմականը` բեմին: Օրինակ, Թաթան ունի իր լսարանը: Բայց նա իր գործերն է կատարում: Շատերը վերցնում են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի երգերն ու աղավաղված ներկայացնում հեռուստատեսությամբ: Կոմիտաս, Սայաթ-Նովա մշակելու համար խաչատրյանական մեծություն պիտի ունենալ:
-Որպես կանոն, բարձրարժեք արվեստը քչերին է հասանելի:
-Իհարկե, անճաշակ երգերն ավելի հեշտ են ընկալվում: Բայց հասարակության մեջ պետք է ձևավորել երաժշտական ճաշակ: Երեխաներին դեռ մանկապարտեզից հարկ է ծանոթացնել լավ երաժշտությանը, իհարկե, գտնելով մանկական աշխարհին հարիրը, մատչելին: Երկու տարեկան երեխան արդեն ընդունակ է երգելու և արտասանելու նույնիսկ բարդ ստեղծագործություններ: ՈՒրեմն, գոնե բնածին օժտված մանկանը պետք է ոգևորել և մղել դեպի բարձրարվեստ մեղեդին, երգը:
-Այն տարիներին մի՞թե չի եղել ռեստորանային երաժշտություն, ավելին, ասում են, որ ադրբեջանական երաժշտությունը մեծ թվով ունկնդիրներ է ունեցել:
-Լսում էին, բայց եթերում իրավունք չկար նման երաժշտություն հնչեցնելու, պայքարում էին դրա դեմ, ոչ թե տարածում: Խոստովանենք, որ միշտ էլ ապականված, անհեթեթ, անիմաստ «արվեստը» ավելի հեշտ է գտել իր ճանապարհը և, շնորհիվ հզոր, լուսավոր անհատների, հեշտ էլ հեռացել է, անհետացել: Չմոռանանք, որ Կոմիտասի, Մակար Եկմալյանի նման հանճարներն են մաքրել հայկական երգն ու երաժշտությունը:
- Համոզվա՞ծ եք, որ Ձեր միության ջանքերն արդյունավետ կլինեն: Պայքարի, խնդրի լուծման ի՞նչ միջոցներ եք տեսնում:
-Համագործակցելու ենք լավագույն մասնագետների հետ, կազմակերպելու ենք համերգներ, փառատոներ, հեռուստահաղորդումներ: Հայաստանի ձայնադարաններում պահվող լավագույն կատարումներն արդեն ձայնագրել ենք և նպատակ ունենք տարածելու դպրոցներում, բուհերում: Խոչընդոտներ կլինեն, բայց պայքարելու ենք հաստատակամորեն: Մենք իրավունք չունենք որևէ մեկին պարտադրելու բեմից, եթերից չհնչեցնել այն երգն ու երաժշտությունը, ինչը սթափ միտք ունեցողը չի կարող ընդունել: Բնականաբար, ըմբոստանալն է դառնում պարտադիր, եթե նույնիսկ ստիպված ենք դեմ գնալ քաղաքական, սոցիալական, դրսից ու ներսից մեզ հրամցված շատ ու շատ կանոնների:
-Այսօր նկատվում է միտում ազգայինը ներկայացնելու: Օրինակ, «Երգ երգոց» հաղորդաշարով և տարբեր նախագծերով փորձ է արվում տարածելու, պրոպագանդելու ազգային հայտնի ու մոռացված երգերը:
-Բայց ինչպե՞ս են կատարում այդ երգերը: Հաղորդման հեղինակները հրավիրում են հանրահայտ արվեստագետների, երաժիշտների, պրոֆեսորների և ասես «պարտադրում» են գովեստի խոսք ասել անճաշակ, անգրագետ կատարման մասին` անհարմար վիճակի մեջ դնելով հյուրերին:
-Իսկապե՞ս եթերով մատուցվում է այն, ինչ ուզում է հանրությունը:
-Հասարակությունը կարիք ունի լավ երաժշտության, գեղեցիկ կատարումների: Ո՞նց կարող են լավը չլսել: Պարզապես հասարակությանը պետք է մոտեցնել բարձրարվեստ երաժշտությանը, որից նա հեռացել է: Ինչքա՞ն կարելի է միջակություններին գովազդել, ինչը, օրինակ, անում է Աշոտ Ղազարյանը: Մեր երաժշտության գլխավոր կործանողը, աղավաղողը Արա Գևորգյանն է, որը, սակայն, մտածում է, թե մեծ գործ է անում: Հոգևոր երաժշտության պահպանման համար էլ եկեղեցին չի կատարում իր դերը: Չէ՞ որ եկեղեցին միայն մոմ վառելու, այլևայլ ծիսակատարությունների վայր չէ: Նույնը կոնսերվատորիայի շրջանավարտների համար կարող եմ ասել, որ հանուն «նյութի» շարունակում են ազգակործան երգի ու մեղեդու «հաղթարշավը»: Ինչպես հասկանալ այն երգչին, որն ունի երաժշտական բարձր կրթություն, բայց ամեն ինչ անում է ազգային երգը աղավաղելու համար: Ակամա հիշում եմ մեր հանրահայտ երգիչներից մեկի զավեշտալի հայտարարությունը. «Առաջ երգում էի բարձր մակարդակի երգեր, նույնիսկ Կոմիտաս, և, իմ կարծիքով, լավ էի երգում, բայց ոչ կարգին վճարում էին, ոչ էլ ծափահարում: Այսօր երգում եմ և հորինում անհեթեթ տեքստերով երգեր, կատարում ցածր մակարդակով: Փող էլ են տալիս, ծափ էլ, ճանաչում էլ ունեմ»: Այս խոստովանությունն իրական պատկերն է այն ունկնդրի, որը գնալով բազմանում ու վերածվում է հասարակության:
-Երգն ու երաժշտությունը շատերի համար լոկ ժամանց են, մինչդեռ այն հոգևոր արվեստ է և կոչված է ձևավորելու մարդու միտքն ու հոգին:
-Երգը կոչված է բուժելու, ոչ թե հիվանդացնելու, ինչը անում են ներկայիս երգն ու երաժշտությունը: Այն կարող է սպանել և փրկել, ինչպես բառը: Մոցարտի «Ռեքվիեմը» բազմաթիվ հիվանդություններ է բուժում: ՈՒրեմն, նույնիսկ մահվան երգը կարող է սպեղանի լինել: Հայտնի է նաև մեղեդու ազդեցությունը բույսերի և կենդանիների վրա: Օրինակ, որոշ բույսեր մեքենաների կամ երաժշտության աղմուկից թոշնում, հիվանդանում են: Ի՞նչ է լսում ու դիտում մեր զավակը: Ոչ մի դարում մանկական այնքան հիվանդություններ չեն արձանագրվել, որքան այսօր: Մեր դարավոր թշնամու «ջրաղացին ջուր ենք լցնում»: Էլ ինչի՞ ենք դժգոհում, թե ավերում են մեր հուշարձանները, խաչքարերը, գողանում մեր երգը, մեր մեղեդին: Հայ զինվորը զենքի հետ երգ է ուղղել թշնամու դեմ: Երգն է ոգևորում, սովորեցնում սիրել հողը, երկիրը, մարդուն: ՈՒրեմն, հարկ է փոխել երգի, մեղեդու հասարակական ընկալումը: Կոմիտասը մի ամբողջ դասագիրք է` իր ապրած կյանքով ու ստեղծագործական աշխարհով: Փորձենք թերթել, յուրացնել էջ առ էջ, փոխանցել վաղվա մեր Կոմիտասին, Նարեկացուն, Սարյանին ու Խաչատրյանին: Սա պետք է լինի ապրելու մեր իրավունքն ու նպատակը:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ